ՀՏՀ

Քթի վիրահատությունից հետո ինչպիսի՞ սահմանափակումներ կան:

Թույլատրելի վարքագծի և սահմանափակումների ընդհանուր կանոնները ամեն մի պացիենտի համար մշակվում է ինդիվիդուալ՝ ելնելով վերջինիս ընդհանուր նախասիրություններից, կյանքի կենսակերպից և այլն: Սակայն կան որոշ ընդհանուր կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել ցանկացած դեպքում՝ 

• Վիրահատությունից հետո 6 ամիս արգելվում է կրել ակնոց: Առանձին դեպքերում ժամկետները քննարկվում են և վերանայվում: 
• Հետվիրահատական շրջանում չի կարելի երկար մնալ արևի տակ կամ ցուրտ եղանակին դրսում:
• Սպորտային ակտիվ կյանք, այցելություններ լողավազան՝այս կենսակերպին կարելի կլինի վերադառնալ մոտ 2-3 ամիս անց՝ չմոռանալով քթի վնասվածքներից զգուշանալու մասին: 

Լոշտակության վերացումը ազդո՞ւմ է լսողության վրա:

Ականջախեցու վիրահատությունը որևէ կերպ չի ազդում լսողության վրա:

Կարելի՞ է կրծքով կերակրել իմպլանտի առկայության դեպքում:

Եթե Դուք որոշել եք փոխել կրծքի չափսը մինչ մայրանալը, կարող եք չանհանգստանալ. իմպլանտը որևէ կերպ չի խափանում կրծքագեղձի ֆունկցիան և չի անդրադառնում կաթի որակի վրա: Եվ այնուամենայնիվ, վիրահատությունից առաջ այդ մասին խոսեք վիրահատող բժշկի հետ, որպեսզի Ձեզ համար ընտրվի ամենաարդյունավետ տարբերակը:

Ո՞վ է որոշում վերջնական արդյունքը՝ բժի՞շկը, թե հիվանդը:

Հիմնականում հիվանդն է որոշում կայացնողը, սակայն նրա ցանկությունները ուղղորդվում են պլաստիկ վիրաբույժի կողմից, որն առանձնացնում է հնարավոր և անհնար գործողությունները: Օրինակ, ես հետևյալ կերպ եմ գործում՝ հաճախորդն ինձ պատմում է, թե ինչը նրան դուր չի գալիս իր քթի մեջ և ինչը նա կցանկանար փոխել: Այնուհետև ես ասում եմ պացիենտին, թե ինչ կարելի է անել և ինչ աստիճանի փոփոխություններ հնարավոր կլինի իրականացնել: Մենք քննարկում ենք նաև իմ կողմից խորհուրդ տված փոփոխությունները, և ծանրութեթև անելուց հետո կազմում ենք վիրահատության պլանը: 
Երբեմն խորհրդակցության ժամանակ հւվանդն իր հետ է բերում այլ քթերի լուսանկարներ, որոնք նրան դուր են գալիս: Դա առանձնապես օգուտ չի տալիս, քանի որ մենք չենք կարող այլ մարդու քիթը տեղադրել մեր հաճախորդի դեմքին. դրա փոխարեն, մենք ընդամենը կարող ենք փոխել այն քիթը, որ նա արդեն ունի: 
Դեռևս կան այնպիսի պլաստիկ վիրաբույժներ, որոնք չեն ընդունում իրենց հաճախորդների առաջարկները. Նրանք պնդում են, որ բժիշկը գիտի իր անելիքը և ինքն է որոշում, թե ինչ տեսք պիտի ունենա քիթը: Երբեք չդիմեք նման բժիշկների՝ վիրահատության համար: Պլաստիկ վիրաբույժը պետք է ուշադիր լսի և հաշվի առնի ձեր բոլոր հարցերը, որոնք կապված են ձեր արտաքին քթի տեսքի հետ: 
Դուք պետք է տեսնեք այլ հաճախորդների լուսանկարները մինչ վիրահատություն և վիրահատությունից հետո, մասնավորապես ձեր քթի նման քիթ ունեցող հաճախորդների, և միայն դրանից հետո դիմեք նրան:

Ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը:

Պացիենտը պետք է լինի առողջ (ոչ մի մրսածություն կամ հարբուխ): Անհրաժեշտ է լաբորատոր և գործիքային հետազոտություն, ինչպես նաև անեսթեզիոլոգի զննում: Վիրահատությունից 10-14 օր առաջ ընկած ժամանակահատվածում չի կարելի ընդունել դեղորայք, որոնք պարունակում են ոչ ստերոյիդային հակաբորբոքային դեղանյութեր (ասկոֆեն, ասպիրին, իբուպրոֆեն, ցիտրամոն և այլն), վիտամիններ, հակաբեղմնավորիչներ և այլն: Տվյալ վիրահատության առանձնահատկություններով պայմանավորված ռեժիմի և սննդակարգի մանրամասները Ձեզ կհաղորդի բուժող բժիշկը կամ անեսթեզիոլոգը:

Որքա՞ն է տևում հետվիրահատական շրջանը ռինոպլաստիկայի դեպքում:

Քթի վիրահատությունից հետո պացիենտը բժշկի անմիջական հսկողության տակ է գտնվում երկու շաբաթ: Այնուհետև այցելություն բժշկին առաջարկվում է միայն ըստ անհրաժեշտության՝ հատուկ դեպքերում: Հետվիրահատական շրջանի տևողությունը շատ հաճախ պայմանավորված է տվյալ վիրահատության առանձնահատկություններով, սակայն միջինում պացիենտները պետք է հետևեն բժշկի ցուցումներին և առավել ուշադրությամբ վերաբերվեն քթին մոտ մեկ տարի:

Ո՞րն է տարբերությունը «բաց» և «փակ» ռինոպլաստիկայի միջև:

«Բաց» ռինոպլաստիկայի ժամանակ քթի միջնապատի՝ երկու քթանցնքներն առանձնացնող մաշկի հատվածի վրա կտրվածք է կատարվում: Այդ կտրվածքը թույլ է տալիս քթի ծայրից վեր բարձրացնել քթամաշկը: Բաց և փակ ռինոպլաստիկայի ժամանակ քթի մեջ այլ կտրվածքներ էլ են արվում, սակայն բաց մեթոդի ժամանակ ևս մեկ կտրվածք է արվում քթի հիմքի շրջանում: 
Հետևյալ լուսանկարներում ցուցադրված է բաց կտրվածքի շրջանը: Երկու նման լուսանկարներն արվել են վերջնական բուժումից հետո: Բավական բարդ է գտնել սպին:  
Ըստ իս, բաց մեթոդը մեծ առավելություններ ունի փակ մեթոդի համեմատությամբ: Գլխավոր առավելությունն այն է, որ վիրաբույժի համար անհամեմատ ավելի հեշտ է տեսնել ու աշխատել քթի աճառի հետ իր բնական դիրքում: Մաշկը բարձրացնելու շնորհիվ վիրաբույժը ավելի հեշտ կտեսնի իր անելիքը և կկարողանա լուծել խնդիրները: Փոքր սպին հոյակապ հարթվում է: 
Ժամանակ առ ժամնանակ, վիրահատությունից առաջ հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում ես կիրառում եմ քթի վիրահատության փակ մեթոդը, եթե՝ 
  • Քթի ծայրը շատ լավ ձև ունի (ոչ չափազանց լայն է, ոչ՝ անհամաչափ) 
  • Քթի ծայրը դուրս ցցված չէ և դեմքից շատ չի առանձնանում, կամ՝ դեմքին չափազանց մոտ չէ տեղադրված 
  • Քիթը չափազանց երկար չէ, կախված ծայրով
  • Կորությունը ուղղելու դեպքում, երբ այդ կորությունը փոքր է 
  • Քիթը չափազանց ծուռ չէ
  • Չկա այլ քթի արատ, որը կպահանջեր արտասովոր կամ բարդ վիրահատական միջամտություն 

Երբ քիթը փոքրացվում է, ի՞նչ է արվում ավելորդ մաշկի հետ:

Զարմանալի է, բայց մաշկը ետ է քաշվում և հարմարվում է նոր, փոքր չափի քթի հետ: Քթի մաշկը որոշակի էլաստիկություն ունի, և նույնիսկ, երբ վիրահատության ժամանակ քիթը շատ ավելի փոքր չափեր է ձեռք բերում, ավելորդ մաշկի հեռացման կարիք չի առաջանում:  Դա հարմար է, որովհետև անընդունելի կլիներ քթի ավելորդ մաշկի հեռացման պատճառով քթի արտաքին մասի վրա ակնհայտ սպի թողնելը: 

Ի՞նչը կարելի է ուղղել կրկնակի ռինոպլաստիկայի ժամանակ:

Երբեմն հնարավոր է մեծ փոփոխություններ կատարել, սակայն կան դեպքեր, երբ շատ քիչ բան է հնարավոր փոխել: Առաջարկում եմ այս հատվածը բաժանել երկու դասի՝ ա) երբ սկզբնական վիրահատության վիրաբույժը լավ չի պատկերացրել, թե ինչպես պետք է իրականացվի ռինոպլաստիկան, բ) երբ սկզբնական ռինոպլաստիկան գրագետ է արվել, սակայն վիրահատությունից հետո քթի վրա մնացել են թերություններ, որոնք հիվանդը և վիրաբույժը կցանկանային ուղղել:
Ա) Սկզբնական ռինոպլաստիկան կատարյալ չէր
Այս դասակարգման մեջ գոյություն ունի ընդհանուր բողոք առ այն, որ քիթը չափազանց դուրս ցցված, կամ չափազանց երկար է մնացել: Կփորձեմ բացատրել այդ չափերը: Ձախ նկարում քիթը երևում է՝ առաջ է ցցված, մարդու դեմքից առանձնանում է: Աջ նկարում, եթե չափենք քթարմատից մինչև ծայրը՝ քիթը երկար է մնացել: 
Դուրս ցցված և երկար քթերի ուղղումը մանրամասն աշխատանք է պահանջում քթի ծայրի աճառների վրա, մի բան, որ շատ պլաստիկ վիրաբույժներ չգիտեն անել: Եթե առաջին վիրահատության ժամանակ քթի ծայրի աճառները խիստ փոփոխված չեն եղել, հաճախ կրկնակի վիրահատության ժամանակ հնարավոր է կարճացնել կամ վերացնել քթի դուրս ցցված լինելու թերությունը: 
Եթե կորությունը դեռ պահպանվում է, այն կարելի է ավելի փոքրացնել: Բացի այդ, եթե կորությունը չափից շատ է հեռացվել՝ թողնելով հիվանդին «փոս ընկած» դեմքով, քթային կամուրջի բարձրությունը կարող է վերականգնվել: 
Եթե քթի վերին հատվածը չափազանց լայն է մնում, հավանաբար առաջին վիրահատության ժամանակ քթոսկրերը չեն նեղացվել, և դա նույնպես հնարավոր է իրականացնել: Եթե քթի ներքին հատվածը չափազանց լայն է, ծայրի աճառների միջոցով հնարավոր է նեղացնել այն, կամ գուցե քիթը լայն է, որովհետև մաշկի տակ սպիական հյուսվացքի մեծ հատված կա, որը կարելի է հեռացնել կրկնակի վիրահատության ժամանակ: 
Բ) Սկզբնական ռինոպլաստիկան գրագետ է արվել
Եթե սկզբնական ռինոպլաստիկան գրագետ է արվել, հիվանդի և վիրաբույժի միջև քննարկումը այն մասին՝ արդյո՞ք արժե անել կրկնակի ռինոպլաստիկա, սովորաբար վերաբերվում է մեկուսացված, արտահայտված մի հատվածի, ինչպես օրինակ մի փոքր մնացած կորության, անհամաչափության, կամ երբ քիթը բավարար չափով չի շարժվել որևէ ուղղությամբ՝ դեռ մի փոքր շատ է երկարությունը, կամ լայնությունը, և այլն:

Ե՞րբ կարող եմ նորից փոխել քթիս ձևը՝ առաջին անհաջող ռինոպլաստիկայից հետո:

Շատ կարևոր է առաջին ռինոպլաստիկայից հետո մի ամբողջ տարի սպասել՝ ևս մեկ փորձ կատարելու համար: 
Սպիական հյուսվածքը, որն առաջին վիրահատությունից հետո ձևավորվում է քթի մաշկի տակ, սկզբում կոշտ է՝ ինչպես ցանկացած սպի: Ժամանակի ընթացքում սպին փափկում է, և ի վերջո այդ սպին գտնելու համար ստիպված կլինեք փնտրել այն, քանի որ մնացած մաշկի նման սպին այլևս չեք զգա: 
Քթի սպին սկզբնական շրջանում կոշտ է, իսկ մի քանի ամիս հետո սկսում է փափկել: Կոշտություն այլևս չեք զգա՝ գուցե միայն քթի ծայրը բնականից ավելի կոշտ թվա: Սակայն մինչ փափկելը սպիական հյուսվածքը առկա է քթի տակ: Մոտ մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի սպիական հյուսվածքը ամբողջովին փափկի: 
Եթե վիրաբույժը փորձի կրկնակի վիրահատություն իրականացնել մինչ սպիական հյուսվածքի վերջնական փափկելը, նա գրեթե երաշխավորում է գործընթացի անհաջողությունը: Կրկնակի վիրահատությունը չափազանդ բարդ է իրականացնել նույնիսկ արդեն փափկած սպիական հյուսվածքի դեպքում, իսկ մինչև հյուսվածքի փափկելը պարզապես անհնար է: 
Բացի այդ, սկզբնական վիրահատությունից հետո քթի մեջ առաջացած այտուցվածությունը պակասում է, քիթը աստիճանաբար փոխվում է՝ հուսանք դեպի լավը, և կրկնակի վիրահատություն կատարելուց առաջ անհրաժեշտ է սպասել, մինչև այտուցվածությունն անցնի և քթի ձևափոխության գործընթացն ավարտվի: Փափկելու հետ միաժամանակ քթի տակ գտնվող սպիական հյուսվածքը կարող է կրճատվել, ինչը հետագայում կնպաստի քթի ձևափոխմանը: Ժամանակից շուտ կրկնակի վիրահատության դեպքում վիրաբույժը կարող է ուղղել այն խնդիրները, որոնք գոնե մասամբ ինքնուրույն կուղղվեին այտուցվածության հետքերի անհետանալու ընթացքում: Ժամանակից շուտ վիրահատություն կատարելու դեպքում նա իրականում չի կարողանա պատկերացնել իր աշխատանքի ծավալը: 
Ժամանակից շուտ կրկնակի վիրահատությունը կարելի է համեմատել տան կառուցման հետ՝ երբ դրված հիմքը դեռ վերջնական չի նստել: Պետք է ամեն ինչ դադարի շարժվել, և նոր միայն կարելի է որոշում կայացնել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, հետո անցնել այդ փոփոխություններն իրականացնելուն: 
Եվ վերջապես, մենք արդեն նշեցինք, որ կրկնակի ռինոպլաստիկան անհամեմատ ավելի բարդ է, քան սկզբնականը:.

 

Որո՞նք են կրկնակի վիրահատության ռիսկերը:

Քթի ցանկացած վիրահատություն ռիսկեր ունի: Եթե այն թերությունը, որ նկատել է հիվանդը, անուղղելի է, բայց դա ուղղելու փորձը կարող է վնասել քթի այլ գեղեցիկ մասերը, և քթի այդ թերությունը այդքան էլ տգեղ չէ, հիվանդը և վիրաբույժը կարող են որոշել կրկնակի վիրահատության փորձ կատարել՝ հնարավորինս հաշվի առնելով բոլոր նկատառումները:

Համեմատաբար երիտասարդ տարիքի մարդկանց դեմքի ձգում կամ մինի-ձգում:

Ցանկացած պլաստիկ վիրաբույժ, որը ձեզ հավաստիացնում է, որ վիրահատության միջոցով 32 տարեկանին կարող է 21 տարեկանի տեսք հաղորդել, ստում է: Սա դեմքի ձգման վերաբերյալ անհասկանալի և անիրական ակնկալիք է: 
Վերջին տարիներին մենք հանդիպում ենք վիրաբույժների, ովքեր վերանվանում են կամ վերաձևափոխում են դեմքի ձգումը՝ այդ վիրահատությունը ավելի մրցունակ դարձնելու համար, սակայն այդ մարդիկ իրականում շատ երիտասարդ են, որպեսզի դեմքի ձգումը նրանց օգուտ տա: 
Ինչու՞. դրամ վաստակելու համար: Ես երբեք չեմ հանդիպել դեմքի ձգման կարիք ունեցող 30 տարեկան մարդու: 
Մենք չենք կատարում դեմքի պրոֆիլակտիկ ձգում: Դեմքի ձգում իրականացնելուց առաջ պետք է առկա լինեն տարիքային նշաններ, որոնք հնարավոր է ուղղել դեմքի ձգման միջոցով: Դուք պետք է ուսումնասիրեք ձեր վիրաբույժի այլ հիվանդների լուսանկարները:

Ո՞րն է աչքերի տակ առաջացող մուգ շրջանակների պատճառը:

Աչքերի տակ մգության մի շարք հնարավոր պատճառներ գոյություն ունեն:
Շատ մարդկանց մոտ ներքին կոպերի տակ մաշկը շատ բարակ է, և մգության պատճառը ընդամենը երակներով հոսող արյունն է: Այդ պարագայում ոչ մի արդյունավետ բուժում չկա, քանի որ մենք չգիտենք՝ ինչպես կարելի է ստիպել երակներին ավելի քիչ արյուն պարունակել: 
Երբեմն սև շրջանակներն իրականում ներքին կոպի մաշկի պիգմենտի արդյունք են, կարծես ներքին կոպի մաշկի հատվածում մի մեծ պեպեն լինի: Այդպիսի եզրակացության կարելի է հանգել, եթե փորձեք ձգել ներքին կոպի մաշկը դեպի ներքև և ուշադիր համեմատել մաշկի գույնը հարակից այտի մաշկի գույնի հետ: Երբ պատճառը պիգմենտն է, հաճախ այն կարելի է թաքցնել սպիտակեցնող քսուքով (բայց ոչ չափազանց ուժեղ), կամ մաշկի պիլինգի միջոցով, որի շնորհիվ պիգմենտը հնարավոր է հեռացնել մաշկից:
Սև շրջանակները նաև կարող են ստվեր լինել: Ժամանակի ընթացքում ներքին կոպերի վրա սովորաբար ճարպագնդեր են առաջանում, որոնց մեջ կուտակված ճարպը հարթեցնում է ակնագնդի դուրս պրծնելու ձգտումը: Ճարպագնդերը կարելի է վերացնել աչքերի կոպերի վիրահատության միջոցով (ներքին կոպի բլեֆարոպլաստիկա):

Աչքի կոպի վիրահատությու՞ն, թե՞ հոնքի բարձրացում:

Երբ մարդիկ բողոքում են վերին կոպերի տեսքից, մենք նախևառաջ գնահատում ենք՝ արդյո՞ք խնդիրը վերին կոպերի ավելորդ մաշկի մեջ է, թե՞ժամանակի ընթացքում հոնքերի իջեցման: Եթե հոնքերը լավ դիրքավորում ունեն՝ մենք կարող ենք իրականացնել վերին կոպի  վիրահատություն (բլեֆարոպլաստիկա)՝ ավելորդ մաշկը հեռացնելու համար: Եթե ունքերը ակնհայտորեն ցածր են, ուրեմն այդքան էլ ճիշտ չէ վերին կոպի ավելորդ մաշկ հեռացնել՝ նման դեպքերում ունքերի բարձրացումը ավելի ճիշտ որոշում կլինի:

Եթե նայեք հայելու մեջ և մատներով վեր բարձրացնեք ունքերի մաշկը, կտեսնեք, որ այդ դիրքում ձեր վերին կոպերի ամբողջ ավելորդ մաշկը անհայտացել է: Եթե ունքերը ցածր են, դրանք բարձրացնելը խնդրի առավել ճիշտ լուծում կլինի, քան վերին կոպերի ավելորդ մաշկի հեռացումը:
Հիշեք նաև, որ ունքի կամ ճակատի ձգման նպատակն է միայն ունքերի ուղղահայաց բարձրացումը: Այն չի ձգում ճակատի մաշկը, և չի հեռացնում ճակատի կնճիռերը: